Երաժշտական ճաշակի մասին

Հաճախ առիթ ունենում եմ այս կամ այն միջավայրում առնչվելու մարդկանց երաժշտական նախասիրություններին: Դե, բոլորիս քաջ հայտնի է, «անզեն աչքով էլ» պարզ է, որ մեր հասարակության մի հոծ զանգված սիրում է ռաբիս: Եվ խոսք ու զրույցի ժամանակ նրանք, որ դրանից այն կողմ բան չեն լսել, հանկարծ կսկսեն ծանր-ծանր քննադատել երաժշտական մյուս ժանրերը, հիմնականում այսպիսի ձևակերպումներով.

ա. ժողովրդականի մասին՝ «էս ինչ պապիս վախտվա երգեր են, թոզ է դրած վրեն», «հարսնիքի ժամանակ խո Կոմիտաս չե՞ս լսե»,

բ. դասականի մասին՝ «էս ճզըր-վզըրը ինչղ էլ կը լսեք»,

գ. ռոքի կամ ջազի մասին՝ «էս աննասուն, սատանայական ղժղժոցն անջատեք, գլոխըս գնաց»:

  Բայց մարդու երաժշտական նախասիրությունը շատ բան է ասում նրա զարգացածության մասին: Ռաբիսը նրանց մոտ արդեն ոչ միայն երաժշտական ճաշակ է, այլ արժեհամակարգի, մարդկային հարաբերությունների, կենսակերպի հիմք: Այն կենցաղային ճղճիմությունը մարդկանց աչքին դարձնում է դավանանք, որից այն կողմ ոչինչ չեն տեսնում ու ո՛չ էլ ընդունում են, որ դրանից այն կողմ մի բան կա, որին արժե գոնե ծանոթ լինել: Սահմանափակում է մարդու տեսանկյունը և ճանաչողության ձգտումը: Փորձիր նրանց մոտ խոսել գրական արժեքներից, քննարկել, թե, ասենք, Գյոթեն «Ֆաուստ»-ում գրական ինչ միջոցներով է մարդկային ողբերգություն նկարագրել, իսկ Շեքսպիրը նույն հոգեվիճակը ինչպես է պատկերել, ասենք թե, «Մակբեթ»-ում, փորձիր Դա Վինչիի նկարչական հնարքների մասին մեկ բառ ասել, թե ինչպես է մարդկային ապրումը հաղորդել անկյանք կտավին անկյանք ներկերի միջոցով: Կամ փորձիր ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ իրենց ականջին «ճզըր-վզըր» թվացող դասական երաժշտության մեջ կարող է մի ամբողջ իրադարձություն արտահայտված լինել՝ հյուսված մարդկային ապրումների ու զգացմունքների նուրբ թելերով: Լավագույն դեպքում միայն հեգնական քմծիծաղ կարող է լինել պատասխանդ: Շարական կամ ազգագրական երգ երգողին կարող են համեմատել ռաբիս երգչի հետ, բնականաբար, նախապատվությունը... չէ՛, գերապատվությունը տալով վերջինին: Բայց շարական երգելն այդքան հասարակ բա՞ն է, համեմատելո՞ւ է: Ու ինչքանո՞վ է ճիշտ ծիծաղել մի բանի վրա, որից, ախր, գաղափա՛ր չունես: Շարական կամ ազգագրական երգելու համար պահանջվում են թե՛ ձայնային լավ որակներ, թե՛ պրոֆեսիոնալիզմ, թե՛ պատմական ու հոգևոր գիտելիքներ, որպեսզի իմանաս, թե որ բառը ինչ շեշտադրությամբ ես արտաբերելու: Այդ ամենը ձեռք է բերվում  տարիների տքնաջան աշխատանքով, անվերջ սովորելով, ոչ թե ռեստորաններում հարսանիքին սինթեզատորի մոտ միկրոֆոնը ձեռքն առնելով:

[կարդալ շարունակությունը]

Հասարակության այս շերտի մոտ խիստ հետաքրքիր քննարկումների շրջանակը սահմանափակվում է բանավեճով, թե Թաթուլից ու Սպիտակցի Հայկոյից հատկապես որ մեկը ավելի «զիլ» կարող է կլկլացնել ու կլկլոցը ձգել, կրիմինալ այս կամ այն դեմքը որ իրավիճակում ինչպես է իրեն պահել, սերիալներից որ հերոսն է ամենալավ կերպարը, իսկ օլիգարխներից որն է ավելի «փողատեր»: Այսինքն, որքան էլ ասում են, թե «մա՛րդը մարդ լինի», միևնույնն է, նրանց համար մարդկության չափման միավորը փողն է. «Էսինչն էնքան փող ունի, որ կարող է Հայաստանի չափ էրկու հատ երկիր առնի», կամ՝ «էնքան հարուստ է, որ կարող է Սպիտակցի Հայկոյին բերել, հարսանիքին երգել տալ», «գողականի մեջ էնքան հեղինակություն է, որ առանց իրեն ոչ մի հարց չի լուծվում» (բայց, հակառակ դրան, երկրում լիքը չլուծված հարցեր կան), «Երեկ էսինչ ռեստորանն էինք, ուրեմն սկզբում խորովածը կերանք, հետո լաաավ խմեցինք, քյաբաբ ուզինք, էդ էլ կերանք, վերջում էլ տեղ չկար, Գագոն ասեց՝ ես տուն եմ գնում, թևից բռնինք, նստեցրինք, թե ուր, հլը էլի պտի խմենք: Մե խոսքով, էդ իրիկուն, հինգ ժամվա մեջ երեք հոգով հինգ կիլո խորոված կերանք, մարդա մեկ շիշ քյաբաբ, 8 շիշ էլ լիտր ու կեսնոց արաղ խմինք: Վերջում ոտի վրա չէինք կանգնում, տղուս կանչի, որ մեզ տուն տանի»...   Ու գիտես, որ այդ ամբողջ ընթացքում ռաբիսն է հնչել, ու էնքան բարձր է հնչել, որ իրար հետ գոռալով են խոսել՝ միմյանց լսելու համար: Ու զրույցի թեման էլի եղել են անցած շաբաթ մյուս տղերքի հետ էն մյուս ռեստորանում կերած խորովածը, էսինչ երգիչի չքնաղագեղ կլկլոցը ու էնինչ գողականի ապտակը էն մյուսին:

Չգիտեմ, էս ամենի մեջ քա՞նի հոգիդ եք ճղճիմությունը զգում: Էս է ռաբիսի թելադրած արժեհամակարգը, գոնե իմ հայացքով: Թե ով որքանով է այսպիսին, շատն ու քիչը որոշում են մարդու անձնական տվյալները, տանեցիներից ու շրջապատից ստացած արժեքները:

Իսկ ճաշակի գագաթը կլիներ, եթե մեծամասնությունը ազգային հոգևոր ու աշխարհիկ երգերը սիրեին ու լսեին: Եվ դասականը լսեին՝ որպես առավել ինքնազարգացման ու ինքնակրթման ճանապարհ: Ազգային ու դասական երաժշտություն լսելը չի սահմանափակվում միայն երաժշտություն միացնելով, այլ ձգտում ես ազգագրական ու պատմական տեղեկություններ քաղել, բանահյուսական նյութերին ծանոթանալ՝ հասկանալու համար, թե ինչ են, ինչի մասին են այդ երգերը, թե ինչպես են կոմպոզիտորները միայն նվագարաններով կարողացել ճշգրտորեն արտահայտել իրադրությունն ու դեպքերը:
  Օրինակ, առաջին քրիստոնյա ազգի ներկայացուցիչները, որ եվրոպացու, ռուսի աչքը կհանեն այդ հանգամանքը որպես առավելություն շեշտելով, մեծ մասամբ ոչ մի գաղափար չունեն, թե իրենցից ինչ են ներկայացնում շարականները, որ դրանց հիմքում հետաքրքիր պատմություններ են ընկած: Կարող են նախանձով նայել, թե եվրոպացիք ինչպիսի շքեղությամբ են ֆիլմերում ներկայացնում իրենց միջնադարյան իշխաններին, նրանց վեհ գործերը, բայց մտքներով էլ չի անցնի, որ մենք էլ ունենք նման հզոր ու դրամատիկ կերպարներ, որոնք էլ իրենց հայրենիքի համար են պայքար մղել ու նաև բարձր արժեքների կրող են եղել, որ օրինակ 7-րդ դարում ապրել է հայոց իշխան Աշոտ պատրիկ Բագրատունին, որն արաբների ու բյուզանդացիների միջև կարողացել է հնար գտնել՝ Հայաստանի քաղաքական վիճակը կայունացնելու, երկիրը շենացնելու, և այդ ընթացքում էլ իր Դարույնք կալվածքում եկեղեցի է կառուցել ու դրա բացման առթիվ էլ գրել է «Զորս ըստ պատկերի քում ստեղծէր» շարականը, որը երգել են եկեղեցու նավակատիքին: Ու դա աշխարհում աշխարհական մարդու գրած առաջին շարականն է, որ ընդունել է եկեղեցին: Ու դրանից հետո երկրի քաղաքական վիճակը նորից փոխվել է, արաբները նորից հարձակվել են Հայաստանի վրա, որոնց դեմ անձամբ ղեկավարելով հայոց զորքերը, դուրս է քշել հայրենիքից, բայց նաև ծանր վիրավորվել ու մի քանի օրից վախճանվել:

***


 Ազգային երգերը նույնպես հարուստ տեղեկություններ են պահպանում իրենց մեջ: Հայ երգարվեստի մեջ սրանք ամենահներն են, որոնցից շատերը գալիս են բնապաշտական ժամանակներից և եղել են ծիսակատարության մաս: Հայ ժողովրդական պարերգերի կրկներգերն այն հիմնական մասերն են, որոնք պահպանվել են անհիշելի ժամանակներից և իրենց մեջ պարունակում են մարդկության ակունքներում ձևավորված բնապաշտական հավատալիքների մասին հստակ տեղեկություններ: Այդ կրկներգերի բառերը, որոնք այսօր հաճախ նույնիսկ կարող են անիմաստ բառեր թվալ, իրականում մեզ հուշում են, թե ծիսական ինչպիսի երգեր են եղել ամեն մեկը և ում են նվիրված եղել: Օրինակ «Նար»-ը կամ «Նարե»-ն եղել են երկնային և երկրային ջրերի տիրակալ դիցուհու կամ ոգու անունը կամ անվան մակդիրը: Դիցաբանական այս կերպարն իր մեջ խտացնում է նաև մայրության, մայր դիցուհու հատկանիշները: «Հոյ Նար», «Հոյ Նարե» կամ պարզապես «Նար» բառերը կրկներգերում պարունակող բոլոր երգերը հավանաբար եղել են հենց այդ դիցուհուց ջուր, անձրև խնդրելու ծիսական երգեր, որոնք հետագա դարերում կորցնելով իրենց նախնական իմաստն ու նշանակությունը, ժողովրդի շրջանում կամաց-կամաց սկսել են ստանալ սիրային երգերի բնույթ՝ պահպանելով բուն մեղեդին և կայուն կրկներգերը: Այս մասին մի անգամ զրուցեցինք պատմական գիտությունների դոկտոր Սարգիս Պետրոսյանի հետ:


***


 Կամ, օրինակ՝ Սեն-Սանսի «Մահվան պար»-ում լսում ես ժամացույցի՝ կեսգիշերն ազդարարող 12 զարկերը, հայտնվում է Մահը և գերեզմաններից դուրս է քաշում բոլոր հանգուցյալներին: Մահվան հետ սկսում են պարել բոլոր մեռածները՝ կայսրներից, Հռոմի պապերից սկսած մինչև ամենաաղքատ գյուղացին ու ճորտը: Քսիլոֆոնի ձայնով լսում ես ոսկորների չխկչխկոցը: Նրանք պարում են, մինչև հնչում է աքաղաղի կանչը, և բոլորը գնում, ետ են թափվում իրենց գերեզմանների մեջ: Մեկ էլ դուրս կգան ուղիղ մեկ տարի անց:  Իսկ սա միայն պատկեր չէ, նաև խորհուրդ ունի. Մահվան առաջ բոլորը հավասար են: Ու դա հիմնված է հին լեգենդի վրա, որը գիտենալով սկսում ես հասկանալ ստեղծագործությունը և կոմպոզիտորի հնարքները:


Չայկովսկու «1812 նախերգանք»-ը. տեսնում ես ռուսական բնությունը, որի գրկում առավոտից իրիկուն բանում է աշխատավոր ժողովուրդը, ու մեկ էլ պայթում է պատերազմը, խաղաղ մարդկանց հայրենիք է խուժում Նապոլեոնի զորքը՝ Մարսելյոզի հնչյունների տակ: Զգում ես նվաճողին և հայրենիքը պաշտպանողին: Սա էլ պետք է այդ իրադարձությունները գիտենաս, որ հասկանաս լսածդ:

***


Ռոքին էլ անդրադառնամ. որ ասում են, թե ռոքը սատանայական երաժշտություն է, չի կարելի  այդպես ընդհանրացնել: Շատ չխորանամ այս ժանրի մեջ, միայն ասեմ, որ ոչ բոլոր խմբերն են այդ ուղղության վրա: Կան հազարներով երգեր, որոնք սիրո, կյանքի, բնության մասին են, քաղաքական վիճակի մասին են ու շատ գեղեցիկ են ոչ միայն այդ ամենը նկարագրող բառերը, այլ նաև մեղեդիները: Ինչպե՞ս կարող ես սատանայական համարել Pink Floyd-ի երգերը:

***


Ի դեպ, ռոք երաժշտության մեջ կա նաև քրիստոնեական մետալ կոչվող ուղղություն. մետալ ռոք խմբերից շատերը երգերի տեքստերում և հոլովակներում հաճախ ներկայացնում են բռնության ու ագրեսիայի տեսարաններ, սատանայական կերպարներ, անբարոյություն, իսկ այս ուղղության խմբերի մոտ նման երևույթ չկա, հակառակը, նրանք քարոզում են սեր, ջերմություն, ազատություն, անարդարության դեմ ըմբոստանալու կոչ, երգի խոսքերում հաճախ աստվածաշնչյան դրվագներ ու պատգամներ են տեղ գտնում:
Այդպիսով այլընտրանքի հնարավորություն էր տրվում մետալ երաժշտության սիրահարներին, որոնց սրտով չէին ագրեսիան ու սատանայական կերպարները, բայց հավանում էին երաժշտությունը և դառնում այս կամ այն խմբի սիրահարը: Եվ ահա, քրիստոնեական մետալը եկավ լրացնելու այդ բացը՝ մետալ ռոքի հնչյունների հետ բեմ հանելով դրանցից զերծ տեքստային բովանդակություն: Այդ խմբերից մեկն էլ ամերիկյան Stryper-ն է:

***


  Իսկ հետո մտածում ես, ա՛յ մարդ, ո՞ւմ է պետք, է՞, էս ամեն ինչը: Կյանքն ավելի հեշտ չէ՞ առանց սրանց: Հո իզուր չե՞ն ասում. «ինչքան շատ բան իմանաս, էնքան շուտ կծերանաս»: Հիմա էդ փոքրամասնությունը սպիտակ ագռավ են մեծամասնության մեջ: Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» գրքում մի այսպիսի հատված կա. «Բոլորը պետք է անխտիր նման լինեն միմյանց: Ոչ թե բոլորս ծնվում ենք ազատ և հավասար, ինչպես սահմանադրության մեջ է ասված, այլ բոլորիս դարձնում են հավասար: Յուրաքանչյուր մարդ մյուսի նմանությամբ պետք է լինի, և բոլորը երջանիկ կլինեն. այդպես նրանց շուրջը լեռներ չեն լինի, որոնց առաջ ստիպված կլինեն խոնարհվել, որոնց համեմատությամբ ստիպված կլինեն դատել իրենք իրենց: Այսպիսի պայմաններում գիրքը հարևանիդ տանը պահվող լիցքավորված զենք է: Ի՞նչ իմանաս, վաղն ով կարող է լինել կարդացած մարդու թիրախը:
Եթե չես ուզում քո հասարակության մեջ տեսնել դժբախտ քաղաքացիների, թույլ մի՛ տուր նրանց հասկանալ հարցի երկու կողմերն ու մտահոգվել: Հարցի միայն մի կողմին հաղորդակից դարձրու, դեռ ավելին՝ ընդհանրապես հնարավորություն մի տուր քննարկելու հարցը: Եթե կառավարությունը հարկախեղդ է անում բնակչությանը, թող այդպես լինի, միայն թե պետք է թույլ չտալ, որ ժողովուրդն ըմբոստանա: Մարդկանց հնարավորություն ընձեռիր մասնակցելու մրցույթների, որտեղ նրանք հեշտությամբ կարող են հաղթող դառնալ. բավական է միայն պատասխանել այնպիսի տարրական հարցերի, ինչպիսիք են, օրինակ, հանրահայտ երգերի բառերը, մայրաքաղաքների անունները: Հագեցրո՛ւ նրանց ախորժակը, բտի՛ր նրանց անիմաստ «փաստերով» այնպես, որ հագուրդ ստանան, դեռ ավելին՝ կարծեն՝ իբրև կրթված են, նրանց թվա՝ իբրև մտածում են, իբրև թե շարժվում են առաջ, երբ ընդամենը դոփում են տեղում: Լցրե՛ք նրանց կյանքը ակումբային զվարճանքներով և խնջույքներով, սեքսով և հերոինով: Այն ամենով, ինչը հարուցում է մեքենայական ռեֆլեքսներ»:

Համոզում է, չէ՞:

Երկրաշարժի թեմայով անեկդոտներ (մաս 1)

Գյումրիում, որը վաղուց հայտնի է իր կատակասեր բնակչությամբ, 88-ի երկրաշարժը չթողեց մի ընտանիք, որը զոհված գոնե մեկ հարազատ չունենար: Այդ ահեղ օրը քաղաքի ամբողջ տարածքում տիրում էր դժոխային մի քաոս. ամենուր ավերված շենքեր էին, ծխացող փլատակներ, այլանդակված ու արնաշաղախ դիեր, վիրավորների ու փլատակների տակ մնացածների օգնության ճիչեր և օգնության հնար փնտրող անճարակ հարազատների ողբ ու խելահեղ վազք:
  Իսկ կարո՞ղ ենք պատկերացնել ֆիզիկապես առողջ մնացած մարդու հոգեկան աշխարհին հասցված խորը վերքերը: Եվ կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ հոգեվիճակում մարդ կարող է կատակել:

Այսօր կարելի է բազմաթիվ անեկդոտներ լսել երկրաշարժի թեմայով, որոնք, որքան էլ տարօրինակ թվա, իսկապես ծիծաղաշարժ եղելություններ ու զրույցներ են: Բայց այդ անեկդոտների և դրանք պատմողների նկատմամբ կարելի է նաև խիստ քննադատություններ լսել, թե երկրաշարժն ու դրա զոհերը չեն կարող անեկդոտների թեմա լինել: Իսկ մենք այս թեմային գուցե չանդրադառնայինք, եթե չհնչեին դատապարտող նման խիստ խոսքեր, ինչպես հաճախ լինում է ֆեյսբուքյան «Կատակում են գյումրեցիները» խմբում: Խմբի մասնակիցների մեծ մասը բնական են համարում այդպիսի անեկդոտները, բայց կան և այնպիսի մարդիկ, որոնք պարզապես անընդունելի են համարում դրանց պատմվելը:
Այդ քննադատողներից շատերը կամ աղետի գոտուց հեռու ապրողներն են, կամ ետերկրաշարժյան սերնդի ներկայացուցիչներ, որոնք աղետի մասին միայն ուրիշներից լսելով են տպավորություն ստացել: Ուստի անհրաժեշտ ենք համարում որոշ անեկդոտներ վերլուծել՝ ցույց տալով դրանց ներքին հոգեբանական խորությունը և կապը ժամանակի իրադրության հետ: Թող չկարծվի, թե գյումրեցիներն անմիտ զվարճախոսներ էին և հարազատների մարմինները կողքներին դրված, իրենք խնջույքի սեղան նստած այսպիսի անեկդոտներ էին պատմում միմյանց ու անզուսպ հռհռում:
 Իսկապես, կյանքի բնականոն ընթացքի դեպքում դժվար թե մարդու մտքով անցնի՝ անեկդոտներ հորինել աղետի մասին ու ծիծաղել դրանց վրա: Իսկ ինչո՞ւ են ծնվում այդ անեկդոտները:

Դրա համար նախ հասկանանք, թե ինչ են անեկդոտները. դրանք փոքրածավալ ժողովրդական ստեղծագործություններ են, որոնք սրամիտ պատմություններ են կյանքի տարբեր ոլորտների մասին և հաճախ ծաղրում են մարդու բնավորության բացասկան գծերը, վատ երևույթները, սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը, հաճախ էլ ունենում են դաստիարակչական բնույթ, երբ ծիծաղի ու ծաղրի միջոցով գնահատանք են ձևավորում այդ բացասական երևույթի նկատմամբ: Անարդարության վերաբերյալ անեկդոտներում հաճախ հանդիպում է դառն քմծիծաղ: Այս իմաստով երկրաշարժի թեմայով անեկդոտները, որոնցից շատերը իրական պատմություններ են,  հաճախ նման են վերջիններիս: Դրանցում էլ առկա է դառն քմծիծաղ սեփական դժբախտության վրա:  Եկեք օրինակներով տեսնենք:


                                                              ***

Collapse )

Երկրաշարժի թեմայով անեկդոտներ (մաս 2)

                                                              ***

Ժաշքից քանի’մ օր հետո մե-էրկու հոգի բլած խանութ կը մըտնին, օր կոշիկ վերցնեն: Դե, ձմեռ էր, շատերն ամեն ինչ կորցրել էին, իրանց մնացել էր էն, ինչ էդ պահին հագներին էր: Կը մըտնին փլատակների արանքներից ներս, օր հարմար կոշիկ գտնին, մեկ էլ մե ուրիշ’ըմ մոտիկ կուգա, թե՝
-Տըղեք, 43 համարի կոշիկ կա՞:
-Չէ, գնա, էգուց արի:

Collapse )

ԿԱՐՈՍ ԽԱՉ վիպերգը (մաս 1)

Բանահյուսական այս հոյակապ նմուշը շատ են կատարել Մոկքում և Վասպուրականում: 20-րդ դարում տարածված է եղել նաև պարսկահայ և շատախցի գուսանների շրջանում, ովքեր 19-րդ դարավերջին և 20-րդի սկզբին շատ հաճախ են կատարել հրապարակային վայրերում: Որոշ ուսումնասիրողների  պնդմամբ  պատկանում է հենց Մոկաց բանահյուսությանը: Տպագրված են Արիստակես Սեդրակյանի, Հյեբենցի, Գարեգին Հովսեփյանի ու Կոմիտասի և Մանուկ Աբեղյանի տարբերակները։ Դրանց համադրությամբ ստեղծվել է նաև հինգերորդ տարբերակը, որը գրի է առնվել 1913 թվական֊ին Վանում՝ ութսունամյա կույր գուսան Պետրոսից: Նա եղել է Վասպուրականում մեծ հռչակ վայելած Աշուղ Տալիպի աշակերտը և հենց նրանից էլ սովորել է վիպերգը:

Collapse )

ԿԱՐՈՍ ԽԱՉ վիպերգը (մաս 2)

Վիպերգի սկզբում տեսնում ենք գյուղացիներին, ովքեր դաշտից կարոս են հավաքում և նրանից խաչ կանգնեցնում: Դրանից հետո երազ է տեսնում Հայոց գյուղի իշխանը, թե ինչպես այդ խաչը պատվիրում է, որպեսզի իրեն տանեն, դնեն տաճարի մեջ, որպեսզի ցերեկը հով անի գյուղին, իսկ գիշերը լուսավորի տաճարը: Առավոտյան իշխանը հավաքում է ժողովրդին, պատմում իր երազը և առաջարկում է սարկավագի, դպիրի ու քահանայի հետ Երկքնի առջև աղոթք անել  և գնալ Կարոս Խաչի մոտ, նրան առնել, բերել դնել տաճարի մեջ: Այդպես էլ անում են և Կարոս Խաչի մոտ են գնում գյուղի ամբողջ բնակչությամբ՝ իշխան ու հոգևորական, ծնող ու մանուկ, կին ու տղամարդ:

Collapse )

ԿԱՐՈՍ ԽԱՉ վիպերգը (մաս 3)

Վիպերգի տեքստը մեջբերում ենք ըստ երգչուհի Ա. Հալեպլիի կատարած տարբերակի:

Մեկ շաբաթ օր լեոս կիրակին
Քառսուն խոտաղ իրար ժողվան,
Գնացին խասան մէջ կէս դաշտին,
Մէջկըներ խորհուրդ արին,
Պողէ խաչըմ շինեցին,
Չորս ծերեր խընձորիցին,
Գեոզի թաֆով փաթիւթիցին,
Կարկանաչով շուշփայիցին,
Քօլօզներ դըրին գետին,
Ուրենց Աստուած կանչիցին,
Չեօքան խաչի դեմ խաչ խանիցին,
Դարձան, էկան խամբուրիցին:
Քրկնուց զօրքն ու շնոխքն էջուցին,
Ծառայ կէլնեմ էն սուրբ խաչին.
Քեառսուն ձեռնով խաչ վերուցին,
Էկան խասան մէջ կես դաշտին,
Ծառայ կէլնեմ էն սուրբ խաչին,
Թըռաւ գընաց մէջ կարօս ածուին:

Collapse )

Արդյոք կապ կա՞ գյումրեցի Ավետիսյանների սպանության և 1915-ի միջև

Օրերս զրուցում էի ընկերներիցս մեկի հետ, ով մասնագիտությամբ և աշխատանքով թատերական դերասան է: Խոսում էինք Գյումրիում կատարված սպանդի մասին: Հիմա, ինչ որ գրելու եմ, հիմնական դատողություններն իրենն են, բայց խոսակցության ընթացքում ես էլ սկսեցի այդպես դատել, մտածել այն, ինչը նա քիչ հետո ասելու էր:
Ուրեմն.
ընդհանրապես քաղաքական գործողությունները կատարվում են մեսիջներով, երբ ենթատեքստով ինչ-որ բան են հասկացնում: Կարծում եմ՝ սա հենց այդ դեպքն է:

Տեսեք, երբ ժողովրդին հայտնի դարձան սպանության մանրամասները (մինչ հրապարակումները մենք՝ գյումրեցիներս, միայն գիտեինք, որ սպանվել են 6 հոգի), այսինքն՝ որ քնած ժամանակ են սպանվել, բոլորը մեկ ընտանիքից էին, քնած երեխային են գնդակահարել, իսկ մյուսին՝ խողխողել են... գիտե՞ք, ով իմանում էր, ասում էր՝ "Թո՞ւրք է անտերը, ամբողջ ընտանիքին սպանել՝ չխնայելով նույնիսկ էրեխեքի՞ն: Սպես բան մենակ թուրքից էինք տեսել":
Երկրորդ. սպանությունը կատարվել է Մյասնիկյան 188 տանը: Բոլորին այս հարցն է հետաքրքրում. ինչո՞ւ զորամասից այդքան հեռու գտնվող փողոցի մի տանը և ինչո՞ւ հենց այդ ընտանիքը: Հասցեն մեզ այնքան էլ բան չի ասում: Իսկ եթե ես ասեմ, որ այդ փողոցը գտնվում է այն թաղամասում, որ գյումրեցիք մինչև հիմա էլ անվանում են... Թուրքի մայլա՞ ("Հեղնար աղբյուրը" հիշո՞ւմ եք, Հեղնարը թուրք բաջու զգեստով գնում էր թուրքի մայլա, որ թաքցնի իր դավաճանությունը): Ուրեմն Թուրքի մայլում և բազմանդամ ընտանիք, ինչպես դարասկզբին կոտորվեցին այդպիսի հազարավոր ընտանիքներ:
Սպանությունից հետո կասկածյալը հայտնաբերվեց Թուրքիայի սահմանը հատել փորձելու պահին (այդպես հրապարակվեց): Ընկերս ասաց, որ բայանդուրցի, թե երազգավորսցի մի ծանոթ կին, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվել է այն վայրը, որտեղից անցել է Ախուրյան գետը (կամ գուցե` ցանկացել է անցնել, այս պահին չեմ հիշում), զարմացել է, թե մեկ ամսվա ծառայողը ինչպես կարող էր իմանալ, որ գետը հենց այդտեղ է ծանծաղ ու անցանելի...
Այլ դիտարկումներ բերեմ. սպանությունը կատարվեց հունվարի 12-ին: Ինչո՞ւ հենց այս օրը: Սա 1915-ի դեպքերի 100-րդ տարելիցի առաջին աշխատանքային օրն էր, երբ 2015 թվականին առաջին օրով երկիրն անցնում էր աշխատանքի՝ այդ թվում պետք է սկսվեր կամ շարունակվեր Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծրագրերի մշակումը: Սրանով բավականին երկար խափանվեց այդ աշխատանքների մի մասը՝ ուշադրությունը սևեռելով կատարվածին:

Ուրեմն ի՞նչ ենք ստանում` այս ուղղությամբ մտածելով: Ամփոփենք. սպանությունը կատարվեց Թուրքի մայլում` թուրքական ձեռագիր հիշեցնող վայրագությամբ ու դաժանությամբ, մեղադրյալը հայտնաբերվեց Թուրքիայի սահմանը հատելու փորձի պահին` Թուրքիայի իրականացրած ցեղասպանության 100-րդ տարվա առաջին աշխատանքային օրը: Քաղաքական մեսիջներ չե՞ն արդյոք այս ամենը:
Անցնենք առաջ. այս սպանության հենց հաջորդ օրը մեր երկրի նախագահը ստացավ Թուրքիայի նախագահի ցինիկ հրավերքը` մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-րդ տարեդարձի միջոցառմանը հենց ապրիլի 24-ին: Ավելի հստակ` մեր նախագահին, հայ ժողովրդի համար այդ ողբերգությունից մեկ օր հետո, թուրքերը հրավիրեցին համայն հայության համար ամենաողբերգական օրով մասնակցելու խրախճանքի:
Անցավ ևս մի քանի օր, և աննախադեպ մի բան, Թուրքիայի սահմանում, Արարատ լեռան փեշերին, հանկարծ թուրքական զորքերի կուտակումներ ու շարժ նկատվեցին: Ինչո՞ւ: Շա՞տ բացառելի է, որ սա ևս մեսիջ էր...

Բայց էլի անցնենք առաջ.
Երբ գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանը եղել էր Պերմյակովի մոտ, ստացել էր այս տպավորությունը. "Նա քնատ էր, խոսում էր կցկտուր, հարցերին հիմնականում պատասխանում էր՝ "Չեմ կարող ասել, Չեմ կարող բացատրել"": Իսկ հնարավո՞ր է, որ Պերմյակովը եղել է ինչ-որ թմրանյութի ազդեցության տակ: Եթե դեպքից հետո դեռ այդ վիճակին էր, ուրեմն դեպքի պահին՝ առավել ևս: Հավանական է համարվում (և ես էլ էի այդ կարծիքին), որ նա մենակ չի եղել: Որովհետև բոլոր սպանվածները, բացի մեկից անկողնում են եղել: Եթե մեկ սենյակում կրակոց լիներ, մյուսները հանգիստ քնած չէին մնա, պետք է որ խուճապ լիներ, վազվզած լինեին: Բայց չէ, բոլորը՝ անկողնում: Երկու տարբերակ է հավանական թվում. կամ նրա զենքը խլացուցիչ է ունեցել, որը պետք որ բացառել, քանզի պահակակետում զենքը տալիս են առանց խլացուցիչի: Չէ՞ որ ինչ-որ մեկի՝ իր պահպանած հատվածին մոտենալու դեպքում նա գոռալով զգուշացնելուց հետո պետք է մեկ անգամ էլ, նախազգուշական, օդ կրակեր, որը նաև տագնապի ազդանշան պետք է լիներ իր զինակիցների համար: Մնում է ենթադրել, որ եղել են մի քանի հոգով:

Հիմա, եթե այդպես է, ուրեմն Պերմյակովը կամ թմրանյութի ազդեցության տակ կատարել է հրաման և եղել է տան անդամներից մեկ-երկուսի վրա կրակողներից մեկը, կամ էլ ինքը ոչ էլ ի վիճակի է եղել ու ոչ էլ գիտակցել է իրողությունը, նրան հետները տարել են՝ որպես քավության նոխազ:
Թե թուրքերն ինչպես կարող էին սա կազմակերպել, շատ էլ անհավանական բան չէ: Եթե կհիշեք, անցած կամ նախանցած տարի հրապարակվեցին նկարներ, որ թուրքերը Երևանում՝ կառավարության շենքի ֆոնին, Գյումրիում՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ֆոնին ձեռքով "Գորշ գայլերի" նշանը ցույց տալով նկարվել էին: Դրանցից մեկը ֆեյսբուքում իմ ընկերն էր, իրեն կոչում էր դոկտոր Հասան Օքթայ: Եթե Հայաստանում այսքան ազատ են զգում, գոնե ՌԴ-ում կարող էին ՀՀ մեկնող որոշ չափով բարձրաստիճան զինվորականների հետ պայմանավորվածություն ձեռք բերել: Եւ գուցե հենց ա՛յս պատճառով ՌԴ-ն չի ցանկանում Պերմյակովին հանձնել հայկական կողմին, որպեսզի չբացահայտվի, թե նման գործարքի գնացել են ՌԴ զինվորականներ:
Կամ ՌԴ ղեկավարությունը սրան չէր սպասում, և ուզում է թաքցնել իր խայտառակությունը, կամ էլ... Տեսեք, վերջերս ռուս-թուրքական մերձեցումներ եղան: Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում Թուրքիան "եղբայրական" ձեռք մեկնեց Ռուսաստանին՝ գնելով նրա գազը: Պուտինը հայտարարեց, որ Աթա Թուրքի ու Լենինի միջև կնքված պայմանագրից հետո սա նմանատիպ առաջին հաջող գործարքն էր (այն առաջինի ժամանակ մենք պատմական հայրենիքի մի մեծ մաս կորցրինք): Գուցե սրանով Թուրքիան ուզում է ստուգել Ռուսաստանի հավատարմությունը նաև, թե որքանով կաշխատի թաքցնել իր մասնակցությունը` Հայաստանին ուղղված այս "մեսիջի" իրագործման մեջ: Եւ Ռուսաստանը, ինչպես "երկու տիրոջ ծառա մը", կամ, այս դեպքում՝ երկու ժողովրդի "եղբայր", պիտի ամեն գնով երկուսին էլ ապացուցի իր վստահելիությունը:
Մենք դեռ ոչինչ հստակ չգիտենք եղելության մասին` դրդապատճառները... նպատակները: Գուցե և ոչինչ էլ առանձնապես չհայտարարվի, քանի որ հավանական է` ոչ ռուսական, ոչ էլ հայկական շահերին ձեռնտու չլինի հրապարակել բոլոր բացահայտածները: Իրենք հաստատ շատ բաներ կպարզեն, բայց մենք կիմանանք միայն մակերեսորեն:

Մի բան էլ. հնարավոր է նաև Արևմուտքի (թե Թուրքիայի հետ ո'վ ընդհանուր շահեր ունի, կթողնեմ ձեր մտքի քննությանը) մասնակցությունը սրան, քանի որ ՀՀ բնակչության մոտ բավականին ընկավ ՌԴ-ի և ռուս զինվորի վարկանիշը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ֆոնին:
Էլի' եմ շեշտում, սա ընդամենը իմ ու ընկերոջս զրույցի ընթացքում այն եզրահանգումներն են, որոնց ինքը արդեն հանգել էր, իսկ ես հանգում էի` այդ զրույցի ընթացքում:

Արժանապատվությո՞ւն, թե՞ "Երկու կիլո կալբաս ավել"

Վերջերս եվրոպացի մի հեղինակի հոդվածի ծանոթացա, ով ուսումնասիրել էր Ասիական տարբեր երկրների քաղաքներում մարմնավաճառության պատճառները: Վերցրել էր նույն քաղաքի նույն թաղամասի երկու կանանց, ովքեր ապրել են նույն սոցիալական դժվարություններով, բայց մեկը մարմնավաճառությամբ գումար է վաստակում, մյուսը՝ չէ: Ու պարզել է, որ այդ քայլին գնացողների մոտ խիստ ցածր է սեփական անձի գնահատականը, արժանապատվությունը: Հետո բացահայտել է, որ կան խմբավորումներ, ովքեր իրենց կողմն են գրավում վատ դաստիարակություն ստացող և փողոցում հայտնված աղջիկներին, ինչ-որ դասընթացների քողի տակ նրանց ուղեղները ներարկում, որ իրենք ոչինչ չարժեն, ոչնչություն են: Այդպիսով զրկել են  նրանց արժանապատվությունից՝ պատրաստել են մարմնավաճառության, որ կարողանան իրենց այցելուներին "սպասարկել"՝ նրանց ուզածի պես:
Հիմա ռուսը մեր ժողովրդի մեջ շատ երկար ժամանակներից ի վեր ներարկել ու հիմա էլ ներարկում է, թե մենք ինքներս ոչինչ չարժենք և առանց իրենց կորած ենք: Կախման մեջ են գցում արտագնա աշխատանքով, երկրում տնտեսության զարգացում չթողնելով, մեր տարածքում ռուսական ռազմաբազա պահելով, որպեսզի թուրքից անվտանգ լինենք (տեսանք՝ էդ անվտանգությունն ինչպես է ապահովվում): 1999-ին երկու ռուս հարբած զինվորներ էին զինված դուրս եկել քաղաք ու կրակ բացին ժողովրդի վրա, սա՝ երկրորդ դեպքն էր՝ քնած ընտանիքի վրա: Իսկ մեկն էլ՝ անցած տարի Վահրամաբերդ գյուղի մոտ իրենց կրակադաշտերում ականի վրա պայթեցին ու զոհվեցին  երկու տղա երեխեք՝ էլի իրենց անփութության պատճառով. ոչ մի տեղ չկար զգուշացում, որ սա ականապատ կրակադաշտ է:
Հենց երեկվա բողոքի ակցիայի ժամանակ առիթ ունեցա այս թեմայով խոսելու գյումրեցիների հետ: Հիմնականում նույն կարծիքին են, որ առանց ռուսի մենք կորած ենք, թուրքը մեզ վայրկյանաբար կհոշոտի:
Ախր եկեք հիշենք՝ Սարդարապատի ժամանակ է՞ր ռուսը մեր կողքին, թե՞ Արցախի: Այս վերջինի ժամանակ անգամ պահ եղավ, որ ռուս զինվորը կրակում էր իր հայրենիքը պաշտպանելու ելած հայ գյուղացու վրա: Բայց էլի հաղթեցինք: Ո՞վ ասաց, թե մենք առանց ռուսի ոչինչ չարժենք: Այդ "աղջիկներին մարմնավաճառության պատրաստող կազմակերպությունը"՝ ՌԴ-ն, այդքա՞ն կարողացավ մեր արժանապատվությունն ու ինքնագնահատականը ցածրացնել:
Հիշո՞ւմ եք, ԵՏՄ մտնելու քվեարկությունից հետո ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի խոսքերից ինչպես էինք վառվել: Իսկ Սեյրան Սարոյանի խոսքը հիշո՞ւմ եք. "ժողովուրդը մի երկու կիլո կալբաս ավել կուտի, վատ ա՞":
Հայ ժողովուրդ, մի՞թե մեր ազգային միակ նպատակը "երկու կիլո կալբաս" ավել ուտելն է: Եւ պատրաստ ենք դրա դիմաց թույլ տալ՝ մեզ ու մեր երկիրը ստրկացնե՞լ: Չէ՞ որ միայն ստրկական երկրի օրենքները կարող են արհամարհել:
Ես չեմ ուզում հակառուսական երևալ: Ու ոչ էլ արևմտամետ եմ: Երկուսն էլ մեզ համար չարիք են: 1915-ին կաշիներիս վրա զգացինք "քաղաքակիրթ" Արևմուտքի ու "Եղբայրական" Ռուսիայի վերաբերմունքը: Այսօր պետք է մեզ ազատագրենք այդ անարժանապատիվ ստրկամտությունից և կտեսնենք, որ կախում չունենք ոչ մեկից: Ես պատրաստ եմ ոչ թե "երկու կիլո կալբաս" ավել չուտել, անգամ պատրաստ եմ ընդհանրապես չուտել, բայց արժանապատիվ ապրել: Մեր իշխանություններին մի՛ մեղադրեք ստրկամտության մեջ, քանի դեռ ինքներդ ձեզ բարձր չեք գնահատել: Եթե ազգովին որոշենք, որ Հայաստանի պետական սահմանները պահպանելու համար մենք պատրաստ չենք ստրկանալ, ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջ, կամ որքան որ ֆիզիկապես պատրաստ կլինեմ, հերթափոխով, ասենք երկու շաբաթը մեկ, ինչպես մեր բանակում է, դիրքերը պահպանել այնտեղ, ուր հիմա կանգնում են ռուս զինվորները:
Հիմա կասեք՝ բա արտագնա աշխատանքի գնացողները՞: Սա շատ ցավոտ խնդիր է, բայց քննարկեք երևույթի բոլոր լավ ու վատ կողմերը: Արտագնա աշխատանքի երեսից հենց մեր շենքում արդեն երկրորդ բազմազավակ ընտանիքն է քայքայվում: Սա ձեզ համար ոչինչ չարժե՞: Հայ ընտանիքը քանդվում է, հայ կինը մենակ է մնում կյանքի դժվարությունների առաջ ու երեխաներին դաստիարակելու գործում, հոր անչափելի կարևոր ներկայությունից զրկված են մեծանում հայ երեխաները, որովհետև Ռուսաստանում այդ՝ արժանապատվությունից զրկված կանայք ''գերում են" հայ տղամարդկանց՝ կտրելով ընտանիքից:

Խնդրում եմ, մի՛ մտածեք, թե մենք մեզնով ոչինչ չարժենք: Հենց արժենք, դրա համար են ամեն գնով ուզում մեզ ստրկացնել, ծունկի բերել: Տեղի մի տվեք: Ես չեմ ասում՝ հարաբերություններս խզենք ՌԴ-ի հետ: Պահպանե՛նք այն, բայց հարաբերվենք՝ մեր արժանապատվության դիրքերից: Հենց այն ամենաստորին օղակներից սկսած:

Ես գիտեմ, որ իմ այս մտքերը շատ թերի են, ամեն ինչին չեմ նայել համակողմանի կերպով: Բայց սրանք խնդիրներ են, որոնց շուրջ արժե՝ դուք էլ մտածեք և ձեր մեջ գտնեք պատասխաններ:

Մաշտոց վարդապետն ու էշերը

5-րդ դարասկիզբ: Հայոց համար էդ դժվար ժամանակներին ինքնությունը պահպանելու միակ ձևն ազգային գիր ունենալն էր: Մեսրոպ Մաշտոցը կըտառապիր էդ ցավով ու կըմտմտար Հայոց գիր ստեղծելու վրա: Երբ շուխուռը կընկնի, օր վարդապետ Մեսրոպը գիր կուզե ստեղծե, առավոտըմ իրա խցի դռան մոտ կհավաքվին մե քանի'մ բարձրաշխարհիկ էշեր: Հայոց էշերի ցեղը պատվիրակություն է ղրկել.
- Վարդապետ ջան, հոգուդ մատաղ, մեր տառերն օր գրիր ու սկսիր այբուբենը դասավորել, ի՞նչ կէղնի, առաջին տառը "է"-ն դիր, թող գոնե էդ մե հարցում մեր ցեղն առաջինն էղնի:
- Խելըռել ե՞ք... ի՞նչ՝ էշ-էշ դուրս կուտաք: Ի՞նչըղ կըրնա այբուբենի առաջին տառը "է"-ն էղնի: Քանի ժողովրդի այբուբեն եմ ուսումնասիրել, բոլորինը "ա"-յով կըսկսվի: Մերն էլ պտի "ա"-յով սկսվի:
- Հա, ի՞նչ կէղնի, վարդապետ ջան: Հմի ըսքանով էկել ենք ոտըդ, քեզի էս մեծ խնդրանքը կէնենք, ընդառաջե, էլի, շատ կըխնդրենք...
- Էլի ձեր էշը առաջ կըքշեք... Հասկըցեք վերջապես, անհնա՛ր է...
Մեկ էլ շարքի միջից մե ուսյալ էշըմ առաջ կուգա.
- Վարդապետ, բայց դու ի՞նչ ունիս էշերիս դեմ, օր չես ուզե այբուբենն "է"-ով սկսես: Էդ էշի վրա նստած չէ՞ր Քրիստոսը, օր Երուսաղեմ կըմտներ: Հըբը ըդիկ հե՞չ...
- Հա, բայց ըդիկ ի՞նչ կապ ունի: Առաջին հրաշքն էլ՝ ջուրը գինի դարձրեց, հմի դնեմ "ջ"-ո՞վ սկսեմ:
- Էդ մենք չե՞նք, օր ամբողջ օրը ձեզի՝ մարդկանցըդ համար դառը կըդատինք, - սկսին աղմկել բոլորը, - ըդքան գործ կէնենք, բայց ձերոնցից մեկըմ օր քիչըմ շատ կաշխատի, կըսեք՝ էշի պես կաշխատի: Ձեռ առնելիք եք սարքել: Բեր, վարդապետ, քարը փեշիցըդ քի՛ց, Հայոց այբուբենն "է" տառով սկսե, թող մեր ցեղն իրան քիչըմ լավ ըզգա՝ ըդքան ծաղրից հետո:
 - Դե հըմի արի՝ էս էշը ցեխից դուրս հանե, - քթի տակ մտամոլոր կըսե Մաշտոցը:
 - Տղեք, էդ ո՞վ է ցեխի մեջ կայնե, - ետևիններին կը դառնա վարդապետին ամենամոտիկը կայնած էշը, - խո դուք խոզ չե՞ք: Ով օրա է, շուտ թող դուրս գա, վարդապետին հեչ դուր չէկավ:
 Էշերի շարքերի մեջ անհանգիստ քրթմընջոց կը տարածվի. "Էդ ո՞վ է ցեխի մեջ կայնե, կըրնա՞՝ գործին խանգարեք, շուտ էրեք, ցեխից դուրս էկեք":
 Իսկ Մաշտոցը, չլսելով խոսակցությունն ու ինքն իրան քննարկելուց հետո նորից դիմեց էշերին.

- Ախր ընձի լավ հասկըցեք, լրիվ էշություն կէղնի, եթե այբուբենն "ա"-յով չսկսվի: "Ա"-ն շատ սիրուն հնչյուն է, ըդոր համար էլ բոլոր ժողովուրդները իրանց այբուբենն "ա"-յով են սկսել: Իսկ հայկական "ա"-ն գիտե՞ք՝ ինչ սիրուն պտի էղնի, - Մաշտոց վարդապետի հայացքը դառավ մե տեսակ'ըմ մշուշոտ, երկնքի մեջ մե աներևույթ կետի վրա սևեռվավ, ձեռով սկսեց օդի մեջ ինչ-օր գծեր քաշել, - աշխարհի ամենասիրուն տառը պտի էղնի, իրա մեջ աստվածայի՛ն գեղեցկություն պըտի դնեմ... , - հանկարծ վերադարձավ իրականություն, - Այսինքն ըսա՝ ո՞ւմ՝ ի՛նչ կբացատրես, էշն ի՞նչ գիտե՝ նուշն ինչ է... Մե խոսքով՝ չէ՛, ձեռ քաշեք: ... Կյանքիս մեջ ըսպես էշ վիճակի մեջ չէի հայտնվել...

- Վարդապետ, էդ քու վիրավորանքներըդ մենք համբերատար կըտանինք: Դարերով դիմացել ենք, էլի կըդիմանանք, - ավելի բարձր սկսեցին աղմկել պատվիրակները,- բայց դու էլ փոխարենը մեզի զիջե... Էդ մեծ փափագն ունինք, մեր ամբողջ ցեղը մեզնից ավետիսի կսպասե... Մենք ի՞նչ երեսով իրանց աչքին էրևանք...
- Ի՞նչ է՝ էշի պես կըզռռաք, - ջղայինացավ վարդապետը, հետո քմծիծաղ տվեց, - հա, վա՛յ...
Լսե՛ք, գյուղացու էշն օր քաղաք կուգա, քաղքցու ձիուց առաջ կանցնի: Հմի դո՛ւք եք, կուզեք ձեր էշ հալով "է" տառն առաջ քշեք: Տեսեք - տեսեք՝ զարգացել են...
- Ըդիկ մեզի համար չի ըսած, մենք բոլորս գյուղից չենք, օրինակ ես Վաղարշապատից եմ...
- Ես էլ Ալաշկերտից եմ, ան, էս կողքինս էլ Վանից է զարկե հասե ստեղ:
- Մնացածս էլ, ով օր գյուղերից ենք, շատ համեստ ենք պահել մեզի, ոչ քաղքի ձիուց ենք առաջ ընկել մոտըդ գալուց, ոչ էլ քաղքի էշից:
- Մենք էլ իրար հետ համագյուղացի ենք, վարդապետ, - թախծոտ, խնդրալի հայացքով առաջ էկավ էշերից մեկը, - Հացեկացից եմ էկել, ձեր դրացի Վահանի էշն եմ: Ի՞նչ կէղնի, ըսքան կըխնդրենք՝ էլի էշի համառություն կէնես, բեր՝ թող առաջին տառն "է" էղնի, հուր հավիտյան քեզի պարտական կմնա մեր ցեղը:
- Ես Վահանի հետ հետո՛ կըխոսիմ: Էշի պես ապրանք է, օր քեզի էդ հարցով իմ մոտըս է թողել՝ գաս... Շան ծե՛ծ պտի տար քեզի, կոխեր ախոռը: Ընպե՛ս պտի ծեծեր, օր էշին քեռի կանչեիր...
- Դե իմ քեռիս սպես թե ընպես՝ էշ է: Բայց դու մի՛ բարկանա, վարդապետ, մենք քեզի շատ կըհարգենք: Մեզի քու բարեկամըդ համարե, ուղղակի ցեղովի մեծ փափագ ունեինք՝ այբուբենը...
- Ավելի լավ է առյուծ թշնամի ունենամ, քան թե էշ բարեկամ: Տեսնիս՝ ի՞նչ վատ երազ էի տեսել էս գիշեր...
- Ըդպես կըխոսիս, վարդապետ, բայց հլը ըսա՝ տեսնինք՝ քա՞նի անգամ առյուծի վրա փիլոն քցել ու հեծած ճամփա ես գնացել, կամ քա՞նի անգամ ես առյուծին իշաբեռըմ բարձել, տեղ տարել...
 - Հա
՛րց գտա՞ր, հա՞, տալու: Դո՞ւ ուրտեղից ես, ի՞նչ է տիրոջըդ անունը:
 - Վարդապետ, դու իրա տիրոջից մի
՛ խոսի: Հե՛չ լավ մարդ չէ ընիկ, - խոսաց էշերից մեկը:
 - Ոչ թե լավ մարդ չէ, այլ շատ վա
՛տ մարդ է, - ըսեց մյուսը:
 - Ի՞նչ կըխոսի՞ք... Ընիկ ընդհանրապես մարդ չէ: Ինչքան էրեխու հետ ճամփա կելնինք, կըսե` "Հիշե
՛, որդի, էշի բեռն ինչքան ծանըր էղավ, ըդքան արագ կէրթա": Ու էշի պես բա~առնա կը:  ... Բայց բեր մեր բուն նյութից չըշեղվինք, վարդապետ, այբուբենը քելե "է"-ով սկսե:
- Էլի՞ այբուբե՛ն: Իմ ըսքան աշխատանքըս կուզեք ջուրը լըցվի՞: Ես աղոթքի բառեր եմ որոշել հարմարցընել, մե քանի տողն արդեն սարքել եմ` "Արարիչ բովանդակ գոյութեանց"... Հըմի "է"-ն օր բերեմ առաջ, լրիվ կըխառնըվի: Ըսքան չարչարանքիցըս հետո եթե ըդպես գլխե ռադ էնեմ, կէղնի, օր էշը կերա, պոչեն խռովա...

Լռություն: Էշերի մի մասը պաղած, բութ ու անհաղորդ հայացքով, անթարթ Մաշտոցին կնայե, մյուս մասը վախեցած` աչքերը կըճպճպցընե:
 - Ձեզի ի՞նչ էղավ... Ի՞նչ եք էշըցել... Հը՞, ի՞նչ` փուշ կերած օչխարի պես երսիս կընայեք... Հա~, քրքջաց վարդապետը, - լավ, հանգստացեք, ըդպես խորատա է, թե չէ ձեզի հեչ մարդ ստեղ չի ուտե:
 - Փառք Աստծո, - շունչ քաշեց մեկը` շարքից:
 - Դե, վարդապետ, ի՞նչ որոշիր...

- Վա՛յ իմ էսօրվա օրիս, օր էշերի հետ լեզվակռվով սկսվավ: Ի՞նչ էնեմ, էլ էշով ճամփա չէրթա՞մ: Ախր էշին նստելը մե այիբ մ'է, էշից իջնելը՝ էրկու: Մեկ է, ես էլի անհրաժեշտության դեպքում ձեր օգնությանը պըտի դիմեմ, - մեղմացավ վարդապետը, - բայց ձեր խնդրանքին զիջել չի էղնի, անհնա՛ր է, ընձ է՛լ հասկըցեք, մարդիկ վրես կըխնդան, թե այբուբենն է՞լ "է"-ով սկսվի:

- Դե լավ, վարդապե՛տ, դո՛ւ գիտես... Թող "ա"-յով սկսվի: Մենք քեզի համար կըսեինք, թե չէ ժողովուրդը մեզի "ավանակ" էլ կըսե:

Նահապետ Ռուսինյան. Կիլիկիա

Հնագույն երաժշտության "Շարական" անսամբլի կատարմամբ  "Կիլիկիա" երգն է: Խոսք՝ Նահապետ Ռուսինյանի  (1819-1876): Երաժշտություն՝ Գաբրիել Երանյանի: Մենակատար՝ Գևորգ Իգնատիոս Հաջյան: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ դանիել Երաժիշտ:
Նահապետ Ռուսինյանը ծնվել է 1819 թվականին, Օսմանյան կայսրության Կեսարիա գավառի Էվքերե գյուղում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, իսկ տասը տարեկանում հոր հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս: Հայրը պալատական նկարիչ էր և հնարավորություն է ունենում որդուն ուսման տալ Պոլսո Սկյութար թաղամասի վարժարանում: Այստեղ պատանի Նահապետը, կարելի է ասել, հափշտակվեց հայոց լեզվով, գրականությամբ, մշակութային տարբեր արժեքներով ու պատմությամբ: Սակայն նրա հայրը հանկարծամահ եղավ և պատանին ստիպված եղավ մի թուրք փաշայի մոտ աշխատանքի ընդունվել՝ որպես թարգմանիչ: Շուտով Նահապետի ընդունակություններին ծանոթ հայ մեծատուն ազգայինները նյութական օգնություն են ցուցաբերում և ապահովում նրա հետագա ուսումը: Նահապետ Ռուսինյանը մեկնում է Փարիզ և ավարտում Սորբոնի համալսարանը՝ ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան: Ուսանողության տարիներին նա նույն համալսարանում, որպես ազատ ունկնդիր, ներկա էր լինում նաև գրականության և արվեստի մասին դասախոսություններին: Փարիզում 1840-ականներին տիրող մթնոլորտը կարևոր ազդեցություն թողեցին Նահապետի ոչ միայն գրական, գեղարվեստական ու փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա, այլև նրա հասարակական- քաղաքական ազատախոհ աշխարհայացքն արմատավորելու առումով: Նա 1851-ին վերադարձավ Պոլիս՝ իբրև բժիշկ և դասախոսություններ էր կարդում համալսարանում: Սակայն դրա կողքին նվիրվեց նաև ազգային- հասարակական գործունեության: Նա իր գաղափարակից Ստեփան Ոսկանի եւ Գրիգոր Օտեանի հետ նետվեց Ազգային Սահմանադրության մշակման եւ հաստատման համար ծավալած պայքարի մեջ: Մեր ժողովրդի հիշողության մեջ Նահապետ Ռուսինյանը մնաց հատկապես իր «Կիլիկիա» բանաստեղծությամբ, որը գրել էր՝ ոգեշնչված Ֆրանսիական Նորմանդիային նվիրված մի ստեղծագործությամբ: Սա իր  գեղեցիկ հայերեն խոսքով և գեղարվեստական բարձրարժեք մշակմամբ դարձավ գեղեցիկ երգ, որի մեղեդին գրեց Գաբրել Երանյանը:
Երգի խոսքերը՝
Collapse )